Գալիումը և Գերմանիումը համաշխարհային մրցակցության համատեքստում
25 ր. | 2026-05-05Նախաբան
Աշխարհամակարգային անցման արդի փուլում, որը համընկել է նաև 6-րդ տնտեսակարգին անցման փուլի հետ, ժամանակակից բարձր տեխնոլոգիական ոլորտներում մրցակցությունը նոր աշխարհակարգում առավել բարձր կառուցվածքային դիրք գրավելու կարևորագույն գործոնների շարքում է։
Այդ տեսակետից հիմնարար նշանակություն ունեն բարձր հավակնություններ ունեցող երկրներում հազվագյուտ մետաղների ռեսուրսների առկայությունը կամ ազդեցությունն այդպիսի ռեսուրսներ ունեցող երկրների նկատմամբ, դրանց արդյունահանման հնարավորությունները, գինը և վերամշակող արտադրական հզորությունների տեղաբաշխվածությունը։
Ներկայումս հազվագյուտ մետաղների շարքում բացառիկ դերակատարում ունեն գերմանիումը և գալիումը [1]։ Այդ մետաղները հաճախ պատկերավոր կերպով անվանում են ժամանակակից արդյունաբերության «վիտամիններ», քանի որ չնայած դրանք օգտագործվում են բազմակի ավելի փոքր ծավալներով, քան, օրինակ, պղինձը կամ պողպատը, սակայն առանց այդ մետաղների անհնար է բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկայի, կապի համակարգերի և «կանաչ» էներգիայի ոլորտների զարգացումը:
Գալիումի և գերմանիումի կիրառության ոլորտները
Գալիում
Մաքուր վիճակում գալիումը գործնականում չի օգտագործվում։ Այն կիրառվում քիմիական միացություններում (գալիումի արսենիդ` GaAs և գալիումի նիտրիդ՝ GaN): Գալիումի կիրառության հիմնական ոլորտներն են․
- Միկրոէլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն. Կիրառվում է սմարթֆոնների ինտեգրալ սխեմաներում, 5G և 6G ցանցերի չիփսեթներում [2]: Գալիումի արսենիդի հիմքի վրա կառուցված սարքերն աշխատում են ավելի բարձր հաճախականություններով և ավելի քիչ են տաքանում, քան սիլիցիումի հիմքի վրա կառուցված սարքերը։
- Օպտոէլեկտրոնիկա. կիրառվում է բոլոր գույների լազերային դիոդների (LED), ժամանակակից հեռուստացույցների, սմարթֆոնների և այլ սարքերի էկրանների արտադրությունում:
- Ռազմական արդյունաբերություն՝ կիրառվում են ակտիվ ֆազավորված անտենային մատրիցաներում [3], հակաօդային և հակահրթիռային պաշտպանության և կործանիչների ռադարներում, այլ ռադիոտեխնիկական համակարգերում, որոնք պահանջում են սկանավորման (թվայնացման) բարձր արագություն, հուսալիություն, միաժամանակ բազմաթիվ թիրախների հետևելու և ճառագայթման բարդ դիագրամներ կազմավորելու ունակություն:
- Տիեզերական էներգետիկա. կիրառվում են արբանյակների համար բարձր արդյունավետ բազմաշերտ արևային վահանակների արտադրությունում, որոնց օգտակար գործողության գործակիցը 30-40%-ից ավելի բարձր է (լաբորատոր ռեկորդը՝ 44%), ինչը գերազանցում է սիլիցիումային վահանակների նույն ցուցանիշը (24-25%, առավելագույն տեսական շեմը՝ 29.4%), ավելի փոքր մակերեսներով ապահովում են ավելի մեծ հզորություն և կայուն են ճառագայթումների նկատմամբ։
Գերմանիում
Գերմանիումը ռազմավարական տարր է, որը կրիտիկական նշանակություն ունի տվյալների փոխանցման և դիտարկող համակարգերի համար։ Կիրառության հիմնական ոլորտներն են․
- Օպտիկա-մանրաթելային հաղորդակցության գծեր. գերմանիումի երկօքսիդը (GeO2) կիրառվում է օպտիկական մալուխի միջուկի լեգիրման [4] համար: Դա մեծացնում է ճառագայթի բեկման գործակիցը, ինչը թույլ է տալիս մեծ հեռավորությամբ հաղորդելու դեպքում խուսափելու ազդանշանի կորստից:
- Ինֆրակարմիր օպտիկա. Գերմանիումը կիրառվում է ոսպնյակների, ջերմային տեսողական սարքերի պատուհանների, գիշերային տեսողական սարքերի, հրթիռների ուղղորդման համակարգերի արտադրությունում: Ի տարբերություն սովորական ապակու, գերմանիումը ինֆրակարմիր ճառագայթման համար թափանցիկ է։
- Արևային էներգետիկա. կիրառվում է արեգակնային մարտկոցների հիմքերի արտադրությունում։ Գերմանիումը օգտագործվում է ամենահզոր մարտկոցներում, որոնց օգտակար գործողության գործակիցը մեծ է 40%-ից, որոնք օգտագործվում են լուսնագնացների, մարսագնացների և ուղեծրային կայանների սնուցման համար։
- Քիմիական արդյունաբերություն․ կատալիզատորներ PET պլաստմասսայի [5] (պլաստիկ շշեր, սննդի փաթեթավորում) արտադրության համար:
Գալիումի համաշխարհային արտադրությունը և միտումները
Գալիումի համաշխարհային պահուստները գնահատվում են մոտ 1 միլիոն տոննա, որոնք գտնվում է բոքսիտներում [6], սակայն գալիումի տնտեսապես շահավետ կորզման չափը մեծապես պայմանավորված է ալյումինիումի արտադրությամբ։ Գալիումի արտադրության գնահատականները 2025 թ.-ին տրված են Աղյուսակ 1-ում [7]։
Աղյուսակ 1. Գալիումի արտադրությունն ըստ երկրների, տոննա, 2025 թ., գնահատականներ։ Աղբյուրը՝ USGS Mineral Commodity Summaries 2026 (Gallium), IEA Critical Minerals Outlook 2025։
|
№ |
Երկիր |
Արտադրու-թյուն, տ |
Տոկոս |
Ծանոթագրություն |
|
1 |
ՉԺՀ |
600 – 750 |
97.83% |
Բացարձակ գերիշխող։ Կիրառում է գալիումի արտահանման վերահսկողություն |
|
2 |
ՌԴ |
5 – 10 |
1.09% |
Միակ երկիրը, որը կախված չէ չինական գալիումից։ Կորզվում է ալյումինիումի գործարաններում (օր. Պիկալևո) |
|
3 |
Ճապոնիա |
3 – 5 |
0.58% |
Գալիումը ստանում է երկրորդային վերամշակումից |
|
4 |
Հվ․ Կորեա |
2 – 4 |
0.43% |
Առկա են ներմուծված հումքից կորզման տեխնոլոգիաներ |
|
5 |
Գերմանիա |
< 0.5 |
0.07% |
Արտադրությունը գործնականում դադարեցված է, կիրառում է կորզում երկրորդային հումքից։ |
|
6 |
Ղազախստան |
- |
- |
Առկա է կորզման ներուժ՝ ալյումինիումի արտադրությունից, սակայն արտադրությունը կոնսերվացված է |
|
7 |
Կանադա |
- |
- |
Առկա է ցինկային «պոչերից» կորզման ներուժ |
|
8 |
ԱՄՆ |
- |
- |
1987 թ.-ից առաջնային արտադրությունն դադարեցված է |
|
9 |
Ուկրաինա |
- |
- |
Նիկոլաևի գործարանում արտադրությունը կանգնեցված է |
|
10 |
Հունգարիա |
- |
- |
Գալիումի արտադրությունը կոնսերվացված է։ Ունի բոքսիտային ռեզերվներ |
|
Ընդամենը |
690 |
100% |
Աղյուսակից երևում է, որ գալիումի շուկան ծայրահեղ բևեռացված է՝ ՉԺՀ մասնաբաժինը մոտ 98% է։ Գալիում օգտագործող միակ բարձր տեխնոլոգիական երկիրը, որը կախված չէ չինական գալիումից Ռուսաստանն է, որտեղ արտադրվում է գալիումի համաշխարհային արտադրանքի մոտ 1.1%-ը։ Չնայած գալիումի արտադրությունը մնացած բարձր զարգացած երկրներում՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Գերմանիա շատ փոքր է, սակայն այնտեղ և մի շարք այլ երկրներում՝ Ղազախստան, Կանադա, Ուկրաինա, Հունգարիա, առկա են երկրորդային հումքից գալիումի ստացման հնարավորություններ։
Գերմանիումի համաշխարհային արտադրությունը
Գերմանիումի համաշխարհային հաստատված պահուստները գնահատված են՝ մոտ 8500 տ [8]։ Գերմանիումը հիմնականում ստանում են որպես ցինկի արտադրության հարակից արտադրանք կամ քարածխային մոխրից (ՌԴ-ում և ՉԺՀ-ում)։
Աղյուսակ 2 Գերմանիումի պաշարներն ու արտադրությունն սըտ երկրների, Աղբյուրը՝ Mordor Intelligence (Germanium Market Report 2026), USGS 2026։
|
№ |
Երկիր |
Արտադրություն |
Պաշարներ |
Ծանոթագրություն |
|||
|
տոննա |
% |
տոննա |
% |
||||
|
1 |
ՉԺՀ |
95 – 110 |
85.06% |
3500 |
54.26% |
- |
|
|
2 |
ՌԴ |
5 – 12 |
7.05% |
2000 |
31.01% |
- |
|
|
3 |
ԱՄՆ |
3 – 5 |
3.32% |
450 |
6.98% |
- |
|
|
4 |
Կանադա |
2 – 4 |
2.49% |
500 |
7.75% |
- |
|
|
5 |
Բելգիա |
1 – 2 |
1.24% |
- |
- |
Վերամշակում և մաքրում |
|
|
6 |
Գերմանիա |
< 1 |
0.41% |
- |
- |
Վերամշակում |
|
|
7 |
Ճապոնիա |
< 1 |
0.41% |
- |
- |
Վերամշակում |
|
|
8 |
Նամիբիա |
- |
- |
- |
- |
Ներուժ՝ «պոչերում» |
|
|
9 |
Կոնգոյի ԴՀ |
- |
- |
- |
- |
Թափոնների վերամշակման նախագծեր |
|
|
10 |
Ֆինլանդիա |
- |
- |
- |
- |
Ներուժ՝ ցինկային խտանյութում |
|
|
Ընդամենը |
108-135 |
100.00% |
6450 |
100.00% |
|||
Գերմանիումի շուկայի կարևորագույն առանձնահատկությունը նույնպես չինական մենաշնորհն է։ Չինաստանը տիրապետում է գերմանիումի շուկայի մոտ 85%-ը: Այստեղ նույնպես առկա է Ռուսաստանի անկախություն չինական արտադրանքից։ Մյուս կողմից, Չինաստանն ու Ռուսաստանը տիրապետում են գերմանիումի համաշխարհային պաշարների 95%-ին։
Գալիումի մենաշնորհի հիմնական պատճառն այն է, որ այն մաքուր տեսքով չի հանդիպում: Այն ստացվում է բացառապես որպես ալյումինի կամ ցինկի արտադրության հարակից արտադրանք:
Չինաստանի մենաշնորհը պայմանավորվում է նրանով, որ
- այն ունի աշխարհում ամենամեծ ալյումինի ձուլման հզորությունները,
- Չինաստանում գործում են բնապահպանական ցածր չափանիշներ, որի արդյունքում չինական արտադրության գալիումը աշխարհում ամենաէժան է։
2023-2024թթ. Չինաստանը սահմանել է գալիումի և գերմանիումի արտահանման սահմանափակումներ, որի հետևանքով Արևմուտքում առաջացել է դրանց դեֆիցիտ, իսկ 2025 թ. սեպտեմբերից գներն աճել են 30-50%-ով:
Դրա հետևանքով ԱՄՆ-ն, Կանադան և ԵՄ-ն սեփական արտադրության վերսկսման և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար 2025-2026 թվականներին sksel en ակտիվորեն ֆինանսավորել ցինկի և ալյումինիումի մշակման թափոններից (պոչամբարներից) գերմանիումի և գալիումի արդյունահանման մի շարք նախագծեր։ Այդուհանդերձ, այդ գործարանների լիարժեք գործարկումը սպասվում է միայն 2026-2027 թվականների վերջում։
Բացի դրանից, տարեկան մոտ 300-320 տոննա գալիում ստացվում է էլեկտրոնային ապրանքների ջարդոնի (հին էլեկտրոնային հարթակներ և կիսահաղորդչային արտադրության թափոններ) վերամշակմամբ: Այս ոլորտում առաջատարներն են Ճապոնիան, ԱՄՆ-ը, Սլովակիան և Կանադան:
Գալիումի և գերմանիումի գները
Գալիումի և գերմանիումի գների դինամիկան 2021-2026 թթ. չինական յուաններով (CNY) մեկ կիլոգրամի դիմաց տրված է Գծապատկեր 1 և Գծապատկեր 2-ում։
Գալիումի գների դինամիկայում առկա է որոշակի պարբերականություն, որը պայմանավորված է Չինաստանում գալիումի արտահանման ոլորտում լիցենզավորման ժամկետների պարբերականությամբ։ 2025 թ. վերջից մինչ օրս գալիումի գնի աճի փուլն է։ Այն 1600 յուանից հասել է 2100 յուանի, աճել է 31%-ով։
Գծապատկեր 1. Գալիումի գները 2021 – 2026 թթ., Չինական յուան/կգ

Գալիումի գինը կտրուկ աճել է 2024 թ.-ի կեսերից, 2025 թ.ին դանդաղ նվազման փուլից հետո նորից սկսել է կտրուկ աճել 2026 թ.-ից՝ Պարսից Ծոցում պատերազմի կանխատեսման բարձր հավանականության և պատերազմի հետևանքով՝ 12350 յուան/կգ-ից մինչև 17500 յուան/կգ, կամ՝ աճել է 42%-ով։
Գծապատկեր 2. Գերմանիումի գինը 2021 – 2026 թթ., Չինական յուան/կգ

Գերմանիումի և գալիումի սպառողները [9]
Գալիումի և գերմանիումի շուկաները 2025-2026 թթ. բավական անկայուն էին Չինաստանի կողմից արտահանման սահմանափակումների հետևանքով։ Այդ էլեմենտների հիմնական սպառողները բարձր տեխնոլոգիական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներն են: Գալիումը սպառող երկրների մասնաբաժինը տրված է Աղյուսակ 3-ում։
Աղյուսակ 3. Գալիումի աշխարհի առաջին 10 ամենախոշոր սպառողների մասնաբաժին, 2025-2026 թթ., գնահատականներ
|
№ |
Երկիր |
Մասնաբա-ժինը, 2025 – 2026 թթ. |
Գալիումի կիրառման հիմնական ոլորտները |
|
1 |
ՉԺՀ |
35-40% |
Լուսադիոդներ (LED), 5G-կայաններ, էլեկտրոմոբիլներ |
|
2 |
Ճապոնիա |
20-25% |
Բարձր հաճախականային չիպեր, սմարթֆոններ, լազերներ |
|
3 |
ԱՄՆ |
12-15% |
Ռազմական ռադարներ, արբանյակային կապ, արևային պանելներ |
|
4 |
Հվ․ Կորեա |
8-10% |
Կենցաղային էլեկտրոնիկա, դիսպլեյների արտադրություն |
|
5 |
Տայվան |
5-7% |
Կիսահաղորդչային հարթակների արտադրություն |
|
6 |
Գերմանիա |
3-5% |
Արդյունաբերական էլեկտրոնիկա, ավտոմոբիլային տվիչներ |
|
7 |
Հնդկաստան |
2-3% |
5G ենթակառուցվածքների ընդլայնում, արևային էներգետիկա |
|
8 |
Մեծ Բրիտանիա |
1-2% |
Աերո-տիեզերական ոլորտ, գիտական հետազոտություններ |
|
9 |
Ֆրանսիա |
~ 1% |
Կապի օպտիկական համակարգեր, ռազմական ոլորտ |
|
10 |
ՌԴ |
~ 1% |
Հատուկ տեխնիկա, միկրոէլեկտրոնիկա |
Գալիումի ամենամեծ սպառողը Չինաստանն է՝ (35-40%) բացարձակ գերակշռելով գալիումի արտադրությունում, քանի որ գալիումի հիմքով արտադրություններում Չինաստանն ունի շատ մեծ գնային առավելություն։
Մնացած բոլոր բարձր զարգացած տեխնոլոգիական երկրները, հատկապես Ճապոնիան, ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Տայվանը և Գերմանիան ծայրահեղ բարձր կախվածություն ունեն Չինական հումքից։
Գալիումի ոլորտային կիրառման կառուցվածքը տրված է Գծապատկեր 3-ում։
Գծապատկեր 3. Գալիումի ոլորտային կիրառությունը

Նույնպիսի պատկեր է նաև գերմանիումի սպառման ոլորտում՝ առաջնությունը անվերապահորեն Չինաստանինն է, նույն պատճառով՝ ինչ գալիումի դեպքում։ Ծայրահեղ բարձ կախվածություն ունեն Չինաստանից ԱՄՆ-ն, Բելգիան, Ճապոնիան։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ-ում գերմանիումի կիրառման ուղղությունները (ջերմային տեսողական սարքեր, գիշերային տեսողական սարքեր, տիեզերական տեխնիկա) ռազմարդյունաբերության ոլորտում են։
Աղյուսակ 4. Գերմանիումի աշխարհի առաջին 10 ամենախոշոր սպառողների մասնաբաժին, 2025-2026 թթ., գնահատականներ
|
№ |
Երկիր |
Մասնաբաժինը, 2025-2026, գնահատական |
Կիրառման հիմնական ոլորտները |
|
1 |
ՉԺՀ |
40-44% |
Օպտիկական մանրաթելեր, տիեզերական արևային պանելներ |
|
2 |
ԱՄՆ |
15–18% |
Ջերմային տեսողական սարքեր, գիշերային տեսողական սարքեր, տիեզերական տեխնիկա |
|
3 |
Բելգիա |
10–12% |
Գերմանիումային հարթակների արտադրության և վերամշակման կենտրոն |
|
4 |
Ճապոնիա |
8–10% |
Հեռահաղորդակցություն, բժշկական սարքեր |
|
5 |
Գերմանիա |
6–8% |
Ինֆրակարմիր օպտիկա ավտոմոբիլային արդյունաբերության համար, քիմիա |
|
6 |
ՌԴ |
3–5% |
Օպտիկական սարքեր, ճառագայթման դետեկտորներ |
|
7 |
Կանադա |
2–3% |
Բարձրտեխնոլոգիական տվիչներ, նավթաքիմիա |
|
8 |
Հվ. Կորեա |
~ 2% |
Կիսահաղորդիչներ, էլեկտրոնիկա |
|
9 |
Հնդկաստան |
~ 1.5% |
Օպտիկական մալուխային ցանցեր |
|
10 |
Ֆրանսիա |
~1% |
Լազերային համակարգեր, պաշտպանական համակարգեր |
Գերմանիումը ոլորտային կիրառությունների կառուցվածքը տրված է Աղյուսակ 4-ում։։
Գծապատկեր 4. Գերմանիումի ոլորտային կիրառությունը

Գալիումի դեֆիցիտի ազդեցությունը էլեկտրոնիկայի և ռազմարդյունաբերության գների վրա
2026 թվականին գալիումի հետ կապված իրավիճակը դարձել է համաշխարհային տնտեսության ամենահրատապ թեմաներից մեկը, քանի որ Չինաստանի արտահանման վերահսկողության հետևանքով առաջացած դեֆիցիտն ազդել է երկու առանցքային ոլորտների՝ ռազմաարդյունաբերական համալիրի և քաղաքացիական բարձր տեխնոլոգիաների վրա:
Գալիումի նիտրիդը ժամանակակից ռադարային և էլեկտրոնային պատերազմի համակարգերի արտադրության համար կարևորագույն նյութն է, հակաօդային և հակահրթիռային համակարգերում գալիումի հիմքի վրա կառուցված չիպերը 5-10 անգամ ավելի հզոր և արդյունավետ են, քան սիլիցիումային անալոգները։ Քանի որ գալիումն օգտագործվում է բարձր ճշգրտության հրթիռային գլխիկներում 2026 թ. սկզբին մատակարարման սահմանափակումների պատճառով ԱՄՆ-ում և Եվրոպայում մեկ ռադարային մոդուլի արտադրական ծախսերն աճել են 40-60%-ով։
Քաղաքացիական էլեկտրոնիկայում գալիումի դեֆիցիտն անմիջապես բացասաբար է ազդել կապի ենթակառուցվածքների և էներգախնայող սարքերի արտադրության վրա։ 5G և 6G հաղորդակցային ցանցերում զանգվածային անցում է կատարվել գալիումի նիտրիդի հիմքով կառուցված տրանզիստորների։ ԱՄՆ-ում և ԵՄ-ում գալիումի դեֆիցիտը դանդաղեցրել է ցանցերի տեղակայման աշխատանքները 6-9 ամսով։ Դյուրակիր համակարգիչների կոմպակտ և հզոր լիցքավորիչների գները 2026 թ.-ի մարտին աճել են 20-25%-ով։ Աճել են նաև լազերների և LED լուսավորիչների գները։
Ըստ էության գալիումը դարձել է «նոր լիթիում» կամ նույնիսկ՝ «նոր նավթ», դրանով իսկ վերածվել է աշխարհաքաղաքական ճնշման գործիքի։
Փորձագիտական գնահատականներով, եթե Չինաստանը ամբողջությամբ դադարեցնի գալիումի արտահանումը, ապա բարձր տեխնոլոգիական ռադարների և կապի բազային կայանների համաշխարհային արտադրությունը կարող է 4-6 ամսով դադարել։
Ճգնաժամից դուրս գալու ուղիները
2024-2026 թվականներին զարգացած երկրները (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Ավստրալիա) ակտիվ գործողություններ են սկսել գալիումի սեփական մատակարարման շղթաներ կազմավորելու համար։ Այդ փորձերի հիմնական ուղղություններն են․
- Առաջնային արդյունահանման վերականգնում
Քանի որ գալիումը ստացվում է որպես ալյումինի հանքանյութի վերամշակման հարակից արդյունք, Արևմուտքը սկսել է սուբսիդավորել ալյումինի գործարաններում գալիումի կորզման արտադրությունների տեղադրումը։ Մասնավորապես․
- ԱՄՆ-ում՝ 2026թ. ապրիլին Էներգետիկայի նախարարությունը դրամաշնորհներ է հատկացրել Լուիզիանայում և Կալիֆոռնիայում գալիումի արտադրությունը վերսկսելու համար։
- Հունաստանում՝ Եվրոպական ներդրումային բանկը 90 մլն եվրո է հատկացրել ԵՄ-ում գալիումի կորզման առաջին գործարանի կառուցման համար։
- Ավստրալիայում՝ Alcoa ընկերությունը կառուցում է գործարան, որը մինչև 2028 թվականը կարող է բավարարել գալիումի համաշխարհային պահանջարկի մոտ 10%-ը։
- Արտադրական թափոնների վերամշակում
Այս ռազմավարությունն ուղղված է հին էլեկտրոնիկայի և արդյունաբերական թափոնների վերամշակմանը։
- Գերարագ էլեկտրամագնիսական տաքացման (Flash Joule Heating) տեխնոլոգիայի կիրառում: Այստեղ նյութերը մի քանի միլիվայրկյանի կամ վայրկյանի ընթացքում տաքացվում են մինչև 1700-2700 0C: Տեխնոլոգիան թույլ է տալիս արագ կորզել գալիումը կիսահաղորդչային ջարդոնից։ Պենտագոնը 2025-2026թթ. զգալի միջոցներ է ներդրել այս ուղղությամբ։
- ElementUS նախագծով ԱՄՆ-ում՝ Լուիզիանա նահանգում կառուցվում է գործարան, որը գալիում և սկանդիում է կորզելու ալյումինի արտադրության թափոններից։
- Տեխնոլոգիական նորույթներ
Գիտնականները ուղիներ են փնտրում տարբեր սարքերում գալիումի քանակը նվազեցնելու կամ այլ նյութերով փոխարինելու համար։
- Փորձեր են կատարվում այնտեղ, որտեղ հնարավոր է գալիումի արսենիդը (GaAs) փոխարինել սիլիցիումային տեխնոլոգիաներով կամ ալյումինի նիտրիդով։
- ԱՄՆ-ում ֆինանսավորվում են փակ շղթայով աշխատող startup-ներ, որոնք մետաղի կորզումը իրականացնում են հանքահորերի մոտ՝ առանց դրանք վերամշակման ուղարկելու։
- Դիվանագիտական դաշինքներ
Ստեղծվում են երկրների խմբեր, որոնք միմյանց հետ կիսվում են տեխնոլոգիաներով և ռեսուրսներով՝ փորձելով շրջանցել Չինաստանը։
- ԱՄՆ-Ավստրալիա գործընկերություն: Ավստրալիան տրամադրում է հումքը, իսկ ԱՄՆ-ն՝ տեխնոլոգիաները և շուկան։
- Եվրոպական «Կրիտիկական հումքի մասին» օրենքը: ԵՄ-ն նպատակ ունի մինչև 2030 թվականը սեփական ուժերով արտադրել անհրաժեշտ գալիումի առնվազն 40%-ը։
- Ռազմավարական պահուստների ստեղծում
Ճապոնիան և Հարավային Կորեան սկսել են գալիումի պետական պահուստների կուտակումը՝ հնարավոր լիակատար շրջափակման դեպքում արդյունաբերության կանգը կանխելու համար։
Այդուհանդերձ փորձագիտական գնահատականներով գալիումի տեսակետից լիակատար անկախության հասնելու համար Արևմուտքին կպահանջվի ինտենսիվ ներդրումներ կատարել ևս 3-5 տարի։
Գերմանիումի և Գալիումի դեֆիցիտի ազդեցությունը աշխարհաքաղաքական դինամիկայի վրա
2024 – 2026 թթ. գալիումի և գերմանիումի դեֆիցիտը զուտ տնտեսական խնդրից վերածվել է համաշխարհային աշխարհաքաղաքական գործիքի։ Ներկայումս հզոր տնտեսական կենտրոնների միջև ընթացող առևտրային պատերազմում այն կիրառվում է որպես փափուկ ուժի բաղադրիչ։
Աշխարհաքաղաքական դինամիկայի վրա այդ դեֆիցիտի ազդեցությունն արտահայտվում է հետևյալ ռազմավարությունների կիրառմամբ․
-
- Ռեսուրսային կախվածությունը կիրառվում է որպես զսպման գործիք․ ՉԺՀ-ն, գալիումի և գերմանիումի շուկաներում իր բացարձակ գերակշռության հիման վրա իրականցնում է «ընտրողական էքսպորտի» ռազմավարություն։
- ՉԺՀ-ն էքսպորտային լիցենզիաները կիրառում է ոչ միայն պաշտպանելու համար իր ռեսուրսները, այլև ի պատասխան՝ ԱՄՆ սանկցիաների արհեստական բանականության և չիպերի ոլորտներում։ Լիցենզիաների միջոցով սահմանափակումների մեղմելու ռազմավարությունը ՉԺՀ-ն կիրառել է նվազեցնելու համար ԱՄՆ կողմից չինական ապրանքների նկատմամբ սահմանված շատ բարձր ներմուծման տարիֆները։
- Չինական լիցենզիաներով սահմանափակումները հարվածել են ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրին։ Դրանք՝ մերձավորարևելյան հակամարտության պայմաններում, իրական ռիսկեր են առաջացրել ամերիկյան հրթիռների արտադրության համար։
- «Հանքանյութային դաշինքների» ձևավորում․ գերմանիումի և գալիումի դեֆիցիտը համաշխարհային շուկան տարրաբաժանել է բլոկների։ Երկրներն ազատ առևտրի ռեժիմից անցնում են երկկողմանի երաշխիքների քաղաքականության։ Մասնավորապես.
- ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ճապոնիան և Հնդկաստանը կազմավորել են «Մետաղական անվտանգության լիգա», որի նպատակն է երաշխավորել փոխադարձ մատակարարումները՝ շրջանցելով Չինաստանը։
- «Բարեկամական շղթաների» կազմավորում՝ 2026 թ.-ին ԱՄՆ-ն պետական պահուստների կազմավորման նպատակով 10 միլիարդ դոլար հատկացրեց «Vault» («սեյֆ») նախագծին, որով Բրազիլիայում և Ղազախստանում ֆինանսավորվում են հանքերը՝ դրանց ապագա գնման բացառիկ իրավունքի դիմաց։
- Աշխարհաքաղաքական լարվածությունները կտրուկ բարձրացրել են տեխնոլոգիաների գները։
- Գալիումի և գերմանիումի գների աճի պատճառով ԵՄ-ում և ԱՄՆ-ում բարձրացան օպտիկական մալուխային ցանցերի և էլեկտրամոբիլների ինքնարժեքները, որի հետևանքով այդ տարածաշրջաններում նվազել են «կանաչ տեխնոլոգիաների անցման» տեմպերը։
- ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) փորձագիտական գնահատականներով, գալիումի և գերմանիումի վաճառքի լիակատար արգելքի դեպքում, կիսահաղորդիչների արտադրության սեկտորում պարապուրդների պատճառով ԱՄՆ ՀՆԱ-ն կարող է կորցնել տարեկան մոտ 3.4 միլիարդ դոլար։
- Ռեսուրսային կախվածությունը կիրառվում է որպես զսպման գործիք․ ՉԺՀ-ն, գալիումի և գերմանիումի շուկաներում իր բացարձակ գերակշռության հիման վրա իրականցնում է «ընտրողական էքսպորտի» ռազմավարություն։
- «Երկրորդական» խաղացողների նոր դերակատարում․ Դեֆիցիտի պատճառով աճել է գալիումի և գերմանիումի նույնիսկ փոքր պաշարներ և վերամշակման հզորություններ ունեցող երկրների քաղաքական կշիռը։
-
- Բելգիան և Գերմանիան դարձել են երկրորդային հումքի և մետաղների մաքրման հանգուցային կենտրոններ, ինչը բարձրացրել է նրանց դերը ԵՄ-ում։
- Ղազախստանը և Նամիբիան վերածվել են Չինաստանի և Արևմուտքի մրցակցության կիզակետերի։ Ե՛վ Արևմուտքը, և՛ Չինաստանը այդ երկրներին՝ դրանց գալիումի և գերմանիումի խառնուրդներ պարունակող ցինկային և քարածխային թափոնների դիմաց, առաջարկում են ենթակառուցվածքային ներդրումներ։
Գալիումի և գերմանիումի դեֆիցիտի աշխարհաքաղաքական ազդեցությունները
Աշխարհը մտել է «Հանքանյութային ազգայնականության» դարաշրջան։ Եթե նախկինում հանքանյութերը գնում էին այնտեղ, որտեղ դրանք ավելի էժան էին, ապա ներկայումս դրանք գնում են այնտեղ, որտեղ դա ավելի «անվտանգ» է։
Գալիումը և գերմանիումը վերածվել են «նոր նավթի», այնպիսի ռեսուրսների, որոնց տիրապետելը հնարավորություն է ստեղծում պայմաններ թելադրել ապագայի տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում՝ արհեստական բանականություն, քվանտային համակարգիչներ և տիեզերական տեխնոլոգիաներ։
Ներկայումս (2026, ապրիլ) ընթացող առևտրային պատերազմում ժամանակավոր դադար է, որը փորձագիտական կանխատեսումներով կտևի մինչև 2026 թ. նոյեմբերը։
Դրա մասին է վկայում ՉԺՀ Առևտրի նախարարության 2025 թ. նոյեմբերի 9-ի № 72 Հայտարարությունը, համաձայն որի Չինաստանը պաշտոնապես կասեցնում է 2024 թ. դեկտեմբերին գալիումի, գերմանիումի և ծարիրի (սուրմա, Sb) ԱՄՆ արտահանման համար իր սահմանած համընդհանուր արգելքը։ Կասեցումը գործում է մինչև 2026 թ. նոյեմբերի 27-ը [10]։
Համաձայն պաշտոնական հայտարարությունների և փորձագիտական գնահատականների այդ՝ մոտ մեկ տարի ժամկետը Չինաստանը դիտարկում է որպես «երկխոսության լուսամուտ»։ 2025 թ. հոկտեմբերին ՉԺՀ-ն մեկ տարով կասեցրեց նաև հազվագյուտ հողային մետաղների վերահսկողության նոր միջոցառումների սահմանումը, որպեսզի «ուսումնասիրի և ճշգրտի իր յուրահատուկ պլանները»։ Այդ որոշումը ժամանակ է տալիս Չինաստան - ԱՄՆ բանակցություններին՝ տարիֆների և չիպերի մատակարարումների վերաբերյալ։
Այդուհանդերձ, այդ որոշումների կոնտեքստում հարկ է նշել, որ այդ կասեցումները չեն վերաբերվում ԱՄՆ ռազմական կարիքների համար մատակարարումներին՝ գալիումի և գերմանիումի արտահանման արգելքը ամերիկյան ռազմական ձեռնարկությունների համար ամբողջությամբ մնում է ուժի մեջ։
Ենթադրվում է, որ Արևմտյան երկրները չինական հազվագյուտ մետաղների մատակարարումների կասեցմանը վերաբերվող դադարը կօգտագործեն համալրելու համար գալիումի և գերմանիումի իրենց պաշարները և կառուցելու կորզման գործարաններ։
Այդ սահմանային ժամկետի (2026 թ. նոյեմբեր) գնահատականի կազմավորման հիմնական գործոնները հետևյալն են։
- ԱՄՆ-ում քաղաքական շրջափուլերը՝ ԱՄՆ-ում ավանդաբար նոյեմբեր ամիսը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ամիսն է, մյուս կողմից համարվում է, որ 2026 թ. նոյեմբերին ԱՄՆ-ում ավարտվում է նախագահական նոր ադմինիստրացիայի ադապտացման փուլը։ Բացի դրանից, այդ ժամանակ են կազմավորվելու ԱՄՆ-ում չիպերի ներքին արտադրությանն աջակցության վերջնական բյուջեները։ Այսպիսով, 2024 թ. վերջում՝ ՉԺՀ խիստ սահմանափակումների ընդունումից ժամանակաշրջանը դարձել է ավելի հանդարտ և միմյանց դիրքերի «շոշափման» փուլ։
Մյուս կողմից, ՉԺՀ-ն հաճախ կրիտիկական նյութերի համար էքսպորտային լիցենզիաները տրամադրում է 1-2 տարի ժամկետով։ Մի շարք լիցենզիաների ժամկետները սպառվում են 2026 թ. վերջում։
- Տեխնոլոգիական լագ («Շինարարության ժամկետներ»)։ Գալիումի և գերմանիումի կորզման գործարանների կառուցումը տևում է 18-24 ամիս։ Այդ գործարանները, մասնավորապես՝ Լուիզիանայում և Հունաստանում սկսել են կառուցվել 2024 թ. վերջում – 2025 թ. սկզբում։ 2026 թ. նոյեմբերն այն ժամկետն է, երբ առաջին այլընտրանքային արտադրական գծերը կհասնեն իրենց նախագծային հզորություններին։ Մինչ այդ ժամկետը Արևմուտքը կրիտիկական կախվածության մեջ կլինի չինական մատակարարումներից և, հետևաբար, այդ ժամանակահատվածում կողմերը կձգտեն չսրել իրավիճակը և չհասնել լիակատար արգելքի։
- Ռազմավարական ռեզերվների կազմավորում։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, 2025 թ.-ին «երրորդ երկրների» միջոցով սկսել են ազատ շուկայում գալիումի և գերմանիումի գնման ինտենսիվ գործընթացներ։ Փորձագիտական գնահատականներով լիակատար արգելքի դեպքում այդ կուտակված պաշարները արդյունաբերությանը կբավականացնեն 12-18 ամիս։ 2026 թ. նոյեմբերն այն կետն է, երբ նոր կայուն մատակարարումների բացակայության դեպքում այդ պաշարները կսկսեն սպառվել։
- 5G և 6G տեխնոլոգիաների ներդրման դինամիկան։ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ տեխնոլոգիաների ներդրումը կհասնի իր վերջնական փուլին 2025-2026 թթ. ընթացքում: Գալիումը և գերմանիումը կրիտիկական կարևորություն ունեն այդ համակարգերում օպտիկական մալուխների և ազդանշանների ուժեղացուցիչների արտադրության համար։ Մինչ այդ ժամանակը առևտրային պատերազմի ինտենսիվացումը հավասարազոր կլինի թվայնացման ազգային ծրագրերի տապալմանը։ Քանի դեռ կրիտիկական ենթակառուցվածքների կառուցումն ավարտված չէ, կողմերը հակված կլինեն ստատուս-քվոյի պահպանմանը։
Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ 2026 թ. նոյեմբերից հետո։
Փորձագետների զգալի մասը կանխատեսում է, որ 2026 թ. վերջում տեղի կունենա առևտրային պատերազմի նոր էսկալացիա, քանի որ այդ ժամանակ.
- Արևմուտքում գալիումի և գերմանիումի վերամշակման գործարաններն արդեն ամբողջությամբ կամ մասնակի կաշխատեն։
- ՉԺՀ-ն կարող է գնահատել իր միջոցառումների արդյունավետությունը և սահմանել է՛լ ավելի խիստ սահմանափակումներ, օրինակ, գալիումի և գերմանիումի կորզման հարակից նյութերի՝ ինդիումի (In) և ծարիրի (Sb) էքսպորտի նկատմամբ։
- Կավարտվի «Հանքանյութային դաշինքների» կազմավորումը և կազմավորված բլոկները պատրաստ կլինեն էլ ավելի սուր դիմակայության։
Այսպիսով, արդի փուլը յուրատեսակ «սպառազինությունների մրցավազքի» ժամանակաշրջան է՝ բոլորը կուտակում են իրենց ուժերը, գործարաններ են կառուցում, պաշարներ են կուտակում և ալյանսներ են կազմավորում, քանի որ հասկանում են, որ այլևս չինական էժան և մատչելի հումք չի լինի։
Նկարագրված իրավիճակը էական ազդեցություն ունի նաև Պարսից Ծոցի պատերազմի ներկայիս ընթացքի և ապագա զարգացումների վրա։
Չինաստանը Պարսից Ծոցից է ներկրում իր հում նավթի 41-47%-ը։ Պատերազմը լրջորեն, սակայն դեռևս ոչ կրիտիկական չափով, վնասում է Չինաստանին։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, սակայն թույլ է տալիս բարեկամ երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Չինաստան ընթացող նավթատար նավերի անցումը։ Չի բացառվում, որ ԱՄՆ «զսպվածությունը» և հրադադարների հայտարարումը ինչ-որ չափով պայմանավորված են նաև ԱՄՆ կրիտիկական կախվածությամբ չինական գալիումի և գերմանիումի մատակարարումներից։ 2026 մարտի 25-ին հայտարարվել է ԱՄՆ և Չինաստանի Նախագահների մայիսի 14-15-ին հանդիպման մասին, որտեղ նավթի և հազվագյուտ մետաղների տեսակետերից փոխադարձ կախվածությունների կառուցվածքը և դինամիկան կլինի բանակցությունների հիմքերի շարքում։
ԱՄՆ կողմից պատերազմի ինտենսիվացման դեպքում, եթե նրանք սկսեն ոչնչացնել Իրանի նավթային հանքերն ու պահեստները, ի պատասխան՝ Իրանը կոչնչացնի Ծոցի արաբական երկրների նավթի հանքերը և պահեստները, և Չինաստանը կկրի հսկայական վնասներ։ Այդ դեպքում Չինաստանը հզոր հարված կհասցնի ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիական ոլորտներին, այդ թվում՝ ռազմական բարձր տեխնոլոգիական ոլորտներին։ Ներկայումս այս երկկողմանի կախվածությունը պատերազմի ինտենսիվացումը զսպող գործոնների շարքում է։
Այդուհանդերձ, ինչպես էլ ընթանա պատերազմը, 2026 թ. նոյեմբերը պետք է ընկալել որպես կրիտիկական ժամանակ, որից հետո գլոբալ մրցակցային և կոնֆլիկտային պրոցեսները կթևակոխեն որակապես նոր փուլ։
[1] IEA Critical Minerals Outlook 2025
[2] Chipset - մայրական պլատայի վրա գտնվող չիպերի հավաքածու է, որը կառավարում է պրոցեսորի օպերատիվ հիշողության (RAM), տեսաքարտի, երկարատև հիշողության (HDD/SDD) և USB պորտերի միջև փոխազդեցությունները։
[3] Ակտիվ ֆազավորված անտենային մատրիցաներ` (Активные фазированные антенные решётки, Active Phased Array Antenna) ժամանակակից ռադիոտեխնիկական համակարգեր, որոնցում անտենայի յուրաքանչյուր տարրն ունի իր սեփական հաղորդող և ընդունող մոդուլը։ Դա թույլ է տալիս ակնթարթորեն փոփոխել ճառագայթի ուղղությունն ու ձևը՝ առանց անտենայի մեխանիկական պտույտի, որի պատճառով դրանք ռազմական ռադարներում, ավիացիայում, արբանյակային կապի և 5G ցանցերում անփոխարինելի հանգուցային տարրեր են։
[4] Լեգիրում (легирование) մետաղական համաձուլվածքներին կամ կիսահաղորդիչներին հատուկ տարրերի (Cr, Ni, Mo, W, V և այլն) ավելացում՝ դրանց ֆիզիկական, քիմիական և մեխանիկական հատկությունները բարելավման նպատակով։
[5] ՊԷՏ պլաստմասսա՝ (պոլիէթիլեն տերեֆտալատ) թեթև, դիմացկուն և թափանցիկ ջերմապլաստիկ է, որն օգտագործվում է հիմնականում սննդի և խմիչքի փաթեթավորման (շշերի) և սինթետիկ մանրաթելերի արտադրության համար, ունի բարձր քիմիական դիմադրողականություն, մարդկանց համար անվտանգ է և ամբողջությամբ վերամշակվում է։
[6] Բոքսիտներ՝ ալյումինիումի ստացման հիմնական հումքն է, որը կազմված է ալյումինիումի, երկաթի և սիլիցիումի հիդրօքսիդներից։
[7] USGS Gallium Statistics and Information (2026)
[8] Mordor Intelligence: Germanium Market Size & Share Analysis
[9] USGS Mineral Commodity Summaries 2026 (Gallium/Germanium). Future Market Insights: Gallium/Germanium Market Report 2035. Research and Markets: Global Germanium Market Analysis 2026.
[10] Աղբյուրը՝ Fastmarkets (11.11.2025) և Goldinvest։